ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՄԻ՞ԹԵ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԲՈԼՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

ՄԻ՞ԹԵ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԲՈԼՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
16.03.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում իրադարձությունների պակաս չկար, ու չկար արդյունք` իրադարձությունների քանակից: Հավանաբար, դեռ չի եկել քանակից որակին անցնելու ժամանակը:
Մարտի 10-12-ին Ֆրանսիայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելիսեյան պալատում երկու նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր: Նիկոլա Սարկոզին մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հարցի կարգավորման ձգձգման առիթով. «Կողմերից յուրաքանչյուրը պետք է ջանքեր գործադրի` փոխհամաձայնության հասնելու, հակամարտության կարգավորման խաղաղ դինամիկան վերականգնելու համար»,- ասել է նա և հավելել, որ «մեկուկես տարի առաջ մեկնարկած նախաձեռնությունը «թափը կորցրել է», ուստի «հակամարտող կողմերը պետք է պատասխանատվություն ստանձնեն և կատարեն այն անհրաժեշտ քայլերը, որոնք կտանեն դեպի խաղաղություն և շահավետ կլինեն ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար: Այդ քայլին մեծ հույսով սպասում է ոչ միայն Ֆրանսիան, այլև միջազգային հանրությունը»:
Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին 131 կողմ, 130 դեմ ձայներով ճանաչել է 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների, հույների ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որը ներկայացված էր 2008-ից: Բանաձևը քննարկման են առաջարկել ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների, կանաչների և ձախերի կուսակցությունները: «Համոզված ենք, որ Շվեդիան պետք է գործունեություն ծավալի ԵՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ: 1915 թ. Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն յուրատեսակ փոխհատուցում է ազգային այն խմբերի և փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, ովքեր շարունակում են բնակվել Թուրքիայում, այլև կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը: Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ ժխտում է անցյալի իրական պատկերը»,-նշված է Ռիկստագի բանաձևում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը բանաձևն անվանել է «անհարգալից վերաբերմունք Թուրքիայի հանդեպ»: Նա հրաժարվել է մարտի 17-ին Շվեդիա մեկնելուց և հետ է կանչել դեսպան Զերգյուն Քորոթուրքին: «Hurriyet»-ը գրել է. «Իր բոլոր քաղաքական կուսակցություններով հանդերձ Թուրքիայի եվրաանդամակցությունը խրախուսող միակ եվրոպական երկիրը` Շվեդիան, խորհրդարանի մակարդակով 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն որակող օրինագիծ ընդունեց»: Մարտի 13-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդտի հետ: Թուրքական կողմը հաղորդում է, որ նա ափսոսանք է հայտնել բանաձևի ընդունման առիթով և ասել է. «Մենք, իբրև կառավարություն, չենք վավերացնի այդ բանաձևը»: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն էլ հայտարարել է. «Թուրքիայի հակազդեցությունը շատ կոշտ է լինելու: Մենք թույլ չենք տա, որ ուրիշները գնահատեն մեր պատմությունը»:
Մարտի 12-ին կայացել է Սերժ Սարգսյան-Հիլարի Քլինթոն հերթական հեռախոսազրույցը: ԱՄՆ-ի պետքարտուղարը ՀՀ նախագահին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերը` մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին, որին ծրագրում է մասնակցել նաև Թուրքիայի վարչապետը, եթե չհրաժարվի հրավերից:
Երևանում կայացած ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոուդ» սեմինարի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեն վստահություն է հայտնել, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը չի կարող հաղթել` «Ես անձամբ գիտեմ հայ զինվորների քաջությունն ու խիզախությունը», մինչդեռ պատերազմն էական վնաս կհասցնի Ադրբեջանի ֆինանսական շահերին ու նավթի առևտրին, կդադարեցվեն միջազգային ներդրումները: Բեռնար Ֆասիեն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղին պետք է տրվի անցումային կարգավիճակ, «որը նրան կապահովի անվտանգության երաշխիքներ, տարածքների պրոգրեսիվ վերադարձ, բնակչության վերադարձ, որն ապրել է Ղարաբաղում մինչև պատերազմը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի առկայություն, միջազգային ուժերի առկայություն, որոնք կնպաստեն խաղաղության պահպանմանը»:
«Vatan»-ի հաղորդմամբ` Բիթլիսից ընտրված պատգամավոր Նեզիր Քարաբաշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի Հայաստանից և քուրդ ժողովրդից:
Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թև «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, ըստ «CNNTurk»-ի, վարչապետ Էրդողանին խորհուրդ է տալիս չսպասել ապրիլի 24-ին, սառեցնել Հայաստանի հետ համառորեն շարունակվող գործընթացը, հետ կանչել «մեկ կողմի շահերն արտահայտող արձանագրությունները»:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանի հետ հանդիպման ժամանակ Ահմեդ Դավութօղլուն մասնավորել է, թե ինչ կանի Թուրքիան, եթե Բարաք Օբաման ապրիլի 24-ի ուղերձում ցեղասպանություն բառն արտաբերի. կսառեցվի F-35 մարտական ինքնաթիռի և 14CH-47 Chinook ուղղաթիռների ձեռքբերման 1,2 միլիարդ դոլարի պայմանագիրը, կդադարեցվեն Patriot հրթիռների վաճառքի բանակցությունները, կսահմանափակվի Իրանի և Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցությունը` փոխանցում է «Stargazete» գործակալությունը:
Անգլիական «Guardian»-ը գրում է, որ «Թուրքիան նախ և առաջ պետք է ինքն իրեն հայելու մեջ նայի»: Թերթի գնահատմամբ` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեղավորը Թուրքիան է, որը «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խոստումնալից համաձայնագիր ստորագրելով` ձախողեց գործընթացը: Երկու երկրների փոխհարաբերություններում տեղաշարժ չի արձանագրվել, որովհետև Թուրքիան շարունակում է կարգավորման գործընթացը կապել ԼՂ-ի հակամարտության և այնտեղից հայկական զորքերի դուրսբերման հետ»: Երկրորդ պատճառը թերթը համարում է թուրք-իսրայելյան հարաբերությունները. Թուրքիան մշտապես քննադատում է Իսրայելի իշխանություններին, այդ պատճառով էլ հրեական կազմակերպությունները բանաձևի կասեցման հարցում նախկին աջակցությունը ցույց չտվեցին թուրք լոբբիստներին: «Երրորդ, և գուցե ամենակարևորը,- գրում է «Guardian»-ը,- Թուրքիան հայտնվել է ներկա իրավիճակում, քանի որ այդպես էլ չի ցանկանում իր համար պարզել, թե 1915-ին ինչ է տեղի ունեցել հայերի հետ: Այն գաղափարը, որ իրենց նախնիները ցեղասպանություն են իրականացրել, ծայրաստիճան նյարդայնացնում է թուրքերին նաև այն պատճառով, որ այդ երկրում պատմական ճշմարտությունը պարզելու հնարավորություն չկա: Դասագրքերը խեղաթյուրված են, իսկ քաղաքական գործիչները ձայներ կորզելու համար պատրաստ են գործի դնել ազգայնականներին»:
Անգլիական «Financial Times»-ը ևս անդրադարձել է Թուրքիային` արձանագրելով, որ այսօրվա Թուրքիայի հիմնական խնդիրը ազդեցիկ ընդդիմության բացակայությունն է. «Թուրքիայում նեոիսլամիստների և աշխարհիկների միջև պայքարը մշտական է, հիմնական պատճառներից մեկն այն է, որ քեմալականները չեն կարողանում ընտրվել, բանակին և դատական համակարգին սադրելուց բացի, ընդդիմությունն այլ ռազմավարություն չունի»: Թերթը եզրակացնում է, որ քանի դեռ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության դեմ ազդեցիկ ընդդիմություն չկա, երկրում ճգնաժամը շարունակվելու է:
Իսկ «The Economist»-ը կարծում է. «Ինչ-որ ժամանակ որևէ թուրք առաջնորդ կհասկանա, որ ազգային արժանապատվությունն ավելի լավ կպաշտպանվի այն դեպքում, երբ կխոստովանեն անատոլիական հողերում գործած մեղքերը, այլ ոչ թե այն ժամանակ, երբ հալածում ու պատժում են ճշմարտությունն ասողներին»: Թերթը նաև համոզված է. «Հայերի համար իրենց նախնիների ճակատագրի ընդունումը սուրբ գործ է: Դժվար թե նրանք մոռանան իրենց դաժան հիշողությունները և դժվար թե համաձայնեն, որ 1915 թ. իրադարձությունների գնահատականը ոչ թե քաղաքական գործիչների, այլ գիտնականների ու պատմաբանների գործն է»:
«Milliyet»-ի լրագրող Ջան Դյունդարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստերին, հարցնում է. «Մի՞թե հետ ենք կանչելու մեր բոլոր դեսպաններին», և հավելում «Մի՞թե ժամանակը չէ, որ Արևմուտքում մեր բոլոր դեսպաններին հետ կանչելու փոխարեն անկեղծորեն քննարկենք 95 տարի առաջ տեղի ունեցած կեղտոտ գործը և պարզենք` որտե՞ղ ենք սխալ գործել»:
«Anadolu» գործակալությունը տեղեկացնում է. «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար ստորագրված արձանագրությունները մեռած չհամարող Անկարան սպասում է, որ գործընթացն իր հունի մեջ դնելու համար Երևանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ որևէ քայլ կկատարի: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական կողմի պնդումները բովանդակող բանաձևի քվեարկությունը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները միմյանցից անջատ են: Այլ երկրների միջամտությունը չի կարող նպաստել կարգավորման գործընթացին»: ՍԴ որոշման առնչությամբ «որևէ քայլ» ասելով` Անկարան Երևանից ակնկալում է «գրավոր երաշխիք կամ շատ մեծ քաղաքական պարտավորության ստանձնում»:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ